Հացապատում

 111-275x400

                                             Հացի քաղաքը

Պտղավետ քաղաքներ են Ամասիան, Եվդոկիան և Մալաթիան։ Մեկը մյուսից քաղցր մրգեր կան նրանց այգեստաններում։ Բայց արի ու տես, որ սրանց կողքին Սեբաստիա մեծ քաղաքը համարյա միրգ չունի։ Ամասիան, Եվդոկիան և Մալաթիան հինգ հարյուր տարի անընդմեջ հեգնում են և Սեբաստիան անվանում շաղգամի, ստեպղինի և կաղամբի քաղաք։

Բայց Սեբաստիան իր լայնարձակ դաշտերի և հովիտների ոսկեհատիկ բերքով միշտ եղել է ոչ միայն Հայաստանի արևմտյան մասի, այլև` համայն Փոքր Ասիայի ցորենի ամբարը Փոքր Ասիայի հայաստանաչափ Շիրակը։

Մի անգամ երաշտը եկավ և թոնիր վառեց այստեղ։ Հետո երաշտի ստվեր սովը բռնեց աշխարհի չորս կողմը։ Հենց այդ ժամանակ Սեբաստիան մեծահոգաբար իր ամբարները բացեց ամասիացիների, եվդոկացիների և մալաթիացիների առջև։

Մարդիկ սրտների ուզածին չափ ցորեն են տանում, բայց ցորնահորերը մնում են լեցուն ու լեցուն.

— Որ տասը տարի էլ կրեք ու կրեք` մեր ամբարների հատակին չեք հասնի,— հպարտությամբ ասում էին սեբաստացիները։

Այդ ժամանակվանից ամասիացիները, եվդոկացիները, մալաթիացիները և Հայոց աշխարհի բոլոր կողմերի մարդիկ Սեբաստիան կոչեցին Հացի քաղաք։

                                               Թոնիր

Making_of_Chapati_in_chulha

Շատ ու շատ հազար տարիներ առաջ Մեծամորի ձուլարաններում վահանաձև սաջեր էին կոփում-պատրաստում և բաժանում Հայոց աշխարհի բոլոր բնակիչներին։ Ամեն մարդ իր հացը սաջի վրա էր թխում։

Մի անգամ Ասորեստանի Սև արքան նվաճեց Հայոց աշխարհը և բնակիչներին միանգամից վերջ տալու նպատակով այսպիսի հրովարտակ արձակեց.
— Բոլոր սաջերը պիտի հանձնել ասորի զորականներին։ Ով իր սաջը թաքցնի կգլխատվի տեղնուտեղը։
Ահասարսափ մարդիկ սաջերը հանձնեցին բռնակալներին, բայց չգիտեին, թե այնուհետև ինչ պիտի անեն։ Ե՛վ աղորիք ունեին, և՛ ալյուր, կարող էին խմոր հունցել, բայց ինչի՞ վրա թխես հացը։ Հենց այդ ժամանակ օգնության հասավ հայոց կալի աստվածուհի Հացանուշը։ Նա խորհուրդ տվեց, որ ամեն մարդ իր տան ներսում կավից գետնափոր փուռ՝ թոնիր սարքի։ Հայերն անսացին Հացանուշին և սկսեցին հաց թխել թոնրի մեջ։ Ասորեստանի Սև արքային թվաց, թե թոնրի հացով հայերը երկար չեն ապրի։ Բայց թոնիրը մինչև այսօր էլ և՛ Հայոց աշխարհը պահեց, և՛ բոլոր հայերին։

                                        Հացեկաց

Kohlenhydrate-kohlenhydrate-Fotolia-20459802-c-effe45

Տուրուբերան նահանգի Տարոն գավառի Հացեկաց կամ Հացիկ գյուղը Հռոմ քաղաքից մեծ է երեք հազար տարով։ Ասում են այստեղ հաց են թխել նաև աստվածների համար, որի պատճառով էլ կոչվել է Հացեկաց։ Հեթանոս հայերը երեսունվեց տարին մեկ հացկերույթի են հրավիրել հայոց աստվածներին։

Այս գյուղում է ծնվել հայերեն այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը։ 405 թվականին Հացեկացի շինականները երեսունվեց, այսինքն՝ մաշտոցյան գրերի թվով, լավաշ թխեցին և ուղարկեցին քաղաքամայր Վաղարշապատ՝ Մեսրոպ Մաշտոցին։

Հացոտ ու հարուստ գյուղ էր Հացեկաց-Հացիկը։ 1915 թվականից առաջ հացիկցի Ասոն ուներ վաթսուն գոմեշ, քառասուն եզ, յոթանասուն կով, հազար հինգ հարյուր ոչխար, տասը ձի, հացահատիկի ամբարներ, կաթնամթերքի պահեստ և թան ու թացանի սրահ, հարյուր խնոցի։ Գյուղում ասում էին, որ Ասոն կարող էր միանգամից հազար մարդ հյուրընկալել և յոթ տարի շարունակ նրանց պահել խնջույքի մեջ։

Թողնել մեկնաբանություն